Դավիթ Հովհաննիսյանը 6 տարեկան է, արդեն Գեղարվեստի կրտսեր դպրոցի առաջին դասարանցի: Երկու շաբաթ է մասնակցում է լրացուցիչ կրթության ճամբարին: Ընկերասեր, ջերմ, ժպտերես, ուրախ, անմիջական, բարի, խելացի, հոգատար ընկեր է: Սիրում է զրուցել, պատմել իր մասին, հարցեր տալ: Սիրված, ընդունված է ընկերների կողմից: Սիրում է ջրում լինել, խաղալ, չփչփացնել, լողալ:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի ամառային ճամբարը Դավթի համար դարձավ ներառման լավագույն միջոց-հարթակ: Դավիթն ադապտացվում է միջավայրին, կողմնորոշվում է տարածքում, շփվում ընկերների /ճամբարականների, դասավանդողների/ հետ: Ամեն օր ճամբար է մտնում ժպիտով, շուրջն է հավաքում ընկերներին ու ոգևորվում է, հիանում, բացահայտում, զարմանում, ապրում… 

Ներկայացնում եմ հուլիսի 11-15 ճամբարի ղեկավար՝ Հասմիկ Մաթևոսյանի դիտարկումը.

Դավիթն անում է, ինչ ուզում է, գործում է խմբից անջատ, ինքնուրույն: Ինքնուրույն օգտվում է խոհանոցից, բայց ոչ՝ սանհանգույցից: Հետաքրքրասեր է, ունի նախասիրություններ, որոնց շրջանակներից դուրս դժվար է ներառվում: Սիրում է երկար ժամանակ զբաղվել իր սիրելի գործով. չի շեղվում, չի հոգնում:

Հրաշալի է, երբ մարդը խաղաղ-անկաշկանդ-առողջ միջավայրում՝ լրացուցիչ կրթության ճամբարում ներառվում է, ադապտացվում ու ինքնադրսևորվում: Կարևորում եմ, որ յուրաքանչյուր սովորողի մուտքը կրտսեր դպրոց լինի ճամբարով:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի

1-ին դասարանի դասվար՝

Կարինե Մամիկոնյան