Սեդայի ու մի խումբ սովորողների հետ իմ սիրելի մարզադահլիճում հեծանիվ էինք վարում: Հեծանվորդները շուրջպար էին բռնել՝ կենտրոնում օղակ պտտող Դավթի շուրջը: Գիտե՞ք՝ ինչ ասաց Դավիթը, երբ ես նրան օղակ պտտել էի սովորեցնում: Ասաց, արի հիմա խաղանք Նապաստակ-նապաստակ: Ասացի՝ ինչպե՞ս, Դավիթ ջան: Կարևոր հանդիսավորությամբ Դավիթը կանչեց ընկերներին.

-Եկե՛ք այստեղ, ո՞վ է ձեզնից կարողանում դաշնամուր նվագել: Մեկդ նվագեք, որ մենք օղակների միջով անցնենք: Անպայման դաշնամուր է պետք: Թե չէ, չի լինի:

Ապշած էի. Եթե սկզբում թվում էր, թե ես եմ Դավթին զբաղեցնում-զվարճացնում, հասկացա, որ այդ Դավիթն է ինձ ամբողջ ժամանակ զբաղեցրել: Հիմա էլ նոր խաղ է կազմակերպում՝ իր համով թոթովանքով՝ կլորացնելով իր թախծոտ աչքերը, որոնք այնքան լի էին հավատով ու վստահությամբ:  Դավթին հեշտությամբ համոզեցի, որ Նապաստակ-նապաստակը խաղանք առանց երաժշտության, քանի որ հեծանիվ վարողների մեջ դաշնամուր նվագող չունեինք: Ակնհայտ էր, որ նրան դուր էր գալիս ինձ հետ խաղալը: Որքան մեծանում էր նրա հիացմունքն, այնքան ես ավելի էի ոգևորվում: Բայց վերջում նա նեղացավ ինձնից, որովհետև ես երկաթից օղակը շրխկացրեցի գետնին: Դավիթս բարկացավ, խռովեց ու քաշվեց մի անկյուն: Ինչքա՜ն զգայուն է նա, ՜ինչ զգույշ ու քնքուշ  պետք է լինես նրա հետ, որ շահես նրա ընկերակցությունը:

Այնքան մեղավոր էի նրա առաջ՝  իմ անզգուշության պատճառով: Նա ինձ չէր ժպտում, փոխարենն օտարի հայացքով նայում էր վրաս:  Դավիթն այլևս ինձ չէր վստահում:

Միայն ընկեր Սեդային հաջողվեց նրան անկյունից հանել ու դասարան տանել:

Լավ է, որ առջևում շաբաթ-կիրակի է: Հաստատ մինչև երկուշաբթի Դավիթը կմոռանա, որ նեղացած է: Եթե պետք է, դաշնամուր էլ կնվագեմ, միայն  թե իր ուզած Նապաստակ-նապաստակը կրկին խաղա ինձ հետ:

Աղբյուրը՝ Հայկուհի Հովհաննիսյանի բլոգ