Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.

“Հերիք է, ասավ,

Գնամ պառկեմ ու քնեմ”:

Տերևը ուրախ սվսվում էր, որ կանգ առավ.

“Էս ի՞նչ է, ասավ,

Արևն էլ չի երևում.

Ես էլ պառկեմ ու քնեմ”:

Թռչնակը երգում է ծառի վրա, հանկարծ լռեց.

“Էս ի՞նչ է, ասավ,

Ո՜չ տերև է սվսվում,

Ո՜չ արևն է երևում.

Ես էլ գնամ ու քնեմ”:

Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.

“Էս ի՞նչ է, ասավ,

Ո՜չ թռչնակ է ծլվլում,

Ո՜չ տերև է սվսվում,

Ո՜չ արևն է երևում.

Ես էլ գնամ ու քնեմ”:

Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

“Էս ի՞նչ է, ասավ,

Ո՜չ նապաստակ է վազ տալի,

Ո՜չ թռչնակ է ծլվլում,

Ո՜չ տերև է սվսվում,

Ո՜չ արևն է երևում.

Ես էլ գնամ ու քնեմ”:

Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

Advertisements