Ժամանակահատվածը-նոյեմբերի 1-7

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա
Մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

  • Նախագծի նպատակն ու խնդիրները
    Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Նախագծի միջոցով սովորողներին ծանոթացնել բանջարեղեններին, նրանց կիրառմանը, օգտագործմանը, ինչպես նաև օգտակարությանը
  • Թթու պատրաստելու ընթացքն ու դրա միջոցով մի շարք հմտությունների ձևավորումն ու կիրառումը

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Հատկանշական — ծանոթանում ենք բանջարեղեններին, դիտարկում և անվանում
Հարցեր.
Ի՞նչ եղանակ է հիմա
Ի՞նչ բանջարեղեններ կան
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի  օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:

Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը  կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:
Համացանցի օգնությամբ հավաքում ենք տեղեկություններ բանջարեղենների մասին: Ստեղծում բանջարեղենային ընթերցարան:

Ստեղծագործական  — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկին, խոսում իր պատկերացումների մասին:

Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ, ստեղծում աղյուսակ: Լրացնում աղյուսակը բանջարեղենների օգնությամբ: Առանձնացնում գույներով, ձևերով, համերով…
Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ և լուծում:
Կազմում ենք գնումների ցուցակ: Առանձնացնում գներով և համեմատում:

Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը դպրոցում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում,  առողջարար է, թե՝ ոչ և այլն:

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում Paint նկարչական ծրագրով: Ծեսի ընթացքի մասին տեսաֆիլմ ենք նկարում և հրապարակում դասարանական բլոգում:

Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/, լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է թթվելը, ի՞նչ է տեղի ունենում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված

Որպես նախագծի արդյունք — սովորողները ծանոթանում են թթու դնելու ծեսին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Advertisements