Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել: