Հատվածներ

Ամենադժվար մասնագիտությունը

Երբեք ուսուցիչ աշխատելն այսքան դժվար չի եղել:

Կյանքը դեռ երբեք այդպիսի կարևոր և դժվար խնդիրներ չի դրել մեր առջև, ուսուցչի ընդհանուր մշակութային և մասնագիտական գիտելիքներին այդքան բաձր պահանջներ չի ներկայացրել: Կյանքը դեռ այսպես դաժանորեն չի պատժել նրանց, ովքեր չունեն ինքնակրթվելու մշտական պահանջ, հասարակության արագացող առաջընթացին համաքայլ շարժվելու անընդհատ ձգտում: Դպրոցն այսօր գիտության թիկունքն է, այդ պատճառով ուսուցչի աշխատանքը մեծ մասամբ հիշեցնում է գիտնականի աշխատանք. ավելի քիչ է կրկնությունը և ավելի շատ` ստեղծագործությունը: 

Դպրոցից հեռու կանգնած որոշ մարդիկ հակված են պարզունակեցնելու մեր աշխատանքը:
— Ի՞նչ մեծ բան է,- ասում են,- դաս տալը: Դրա ի՞նչն է դժվար: Հատկապես եթե աշխատում ես ոչ առաջին տարին և անգիր գիտես քո առարկան:
— Իսկ անընդհատ նույն բանը կրկնելը ձեզ չի՞ հոգնեցնում,- երբեմն միամտորեն հարցնում են աշակերտները:

Մի անգամ դասամիջոցին ինձ մոտեցավ աշակերտներից մեկի հայրը: Ես ներողություն խնդրեցի, բայց նրա հետ չխոսեցի. ես դասի էի պատրաստվում: Նա վիրավորվեց. չէ՞ որ զանգը դեռ չէր հնչել: Եվ հետո՝ մի՞թե դասից առաջ պետք է տրամադրվել: Դպրոցը հո թատրոն չէ, իսկ ուսուցիչը` դերասան: Իհարկե ոչ, բայց մեր աշխատանքը շատ ավելի դժվար է: Եթե սկսած համեմատությունը շարունակելու լինենք, ապա պետք է հետևյալն ասել:

Դերասանն իր դերի տեքստը հորինելու կարիք չունի. նրա փոխարեն դա արել է հեղինակը: Ուսուցիչը ի՛նքն է իր հեղինակը, քանի որ ինքն է գրում իր դասի սցենարը:
Դերասանը մինչև բեմ դուրս գալը երկար աշխատում է ռեժիսորի հետ: Ուսուցիչն ինքն է իր ռեժիսորը, և յուրաքանչյուր դաս նրա համար պրեմերիա է:

Մանկավարժն իր ներկայացման գլխավոր դերակատարն է, իսկ դա միշտ մեծ պատասխանատվություն է:

Ավելացնենք նաև, որ նա որպես բեմի աշխատող ինքն է սպասարկում իր «ներկայացումը» տեխնիկական միջոցներով, միաժամանակ ինքն էլ կարգ ու կանոնի գլխավոր պահապանն է:
Բայց սա դեռ բոլորը չէ: Ուսուցիչը մեծ հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը: Նա կարող է դասը «առանց չափսերի» դարձնել` 45 րոպեում տեղավորելով մեծագույն իրադարձություններ, բարդագույն մարդկային ճակատագրեր: Նա նաև բանվոր է, աշխատավոր, ով չի վախենում ոչ մի սև աշխատանքից:

Դասի գնացող ուսուցիչը աներևելակայորեն շատ բան պետք է կարողանա անել՝ փոխանցել գիտելիքներ և դրանց նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, արագ կողմնորոշվել ամենաանկանխատեսելի իրավիճակներում , տիրապետել ժամանակի զգացողությանը, լինել հիանալի կազմակերպիչ, աչքի ընկնել նպատակասլացությամբ և էներգիայով, համբերատարությամբ և դիմացկունությամբ, լինել ներողամիտ և զգայուն, արդարամիտ և ոգևորված, հնարամիտ և սրամիտ: Ուսուցիչը կարող է բարկանալ և ուրախանալ, տխրել և հուսալ, նույնիսկ վիրավորվել, բայց այդ ամենը այնպիսի տակտով, որ գրգռվածություն, քմահաճություն, վրեժխնդրություն, անարդարություն թույլ չտա:

Ուսուցիչը պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կյանքի պայմանները, բնավորությունը, տրամադրությունը, հաշվի առնի նրա դերը ընտանիքում և հասակակիցների շրջապատում, նրա համակրանքները և հակակրանքները: Ուսուցիչը պարտավոր է դասի ընթացքում մոռանալ իր հիվանդ սրտի մասին, չլվացված սպիտակեղենի մասին, բարձր կանգնել մանր վիրավորանքներից և իր հեղինակության համար պայքարից: Հակառակ դեպքում դասը չի ստացվի:

Այս ամենը և շատ ուրիշ բաներ պետք է իմանա և կարողանա ամեն մի ուսուցիչ:

Մանկավարժական աշխատանքը աշխատանք է վաղվա և վաղը չէ մյուս օրվա հասարակության համար: Մեր այսօրվա(1) աշակերտները պետք է ապրեն և աշխատեն XXI դարում: Այսօրվա օրը ժամանակ է, երբ կորչում է գիտելիքի հարաբերական կայունությունը: Դեռ հարյուրամյակի սկզբին երիտասարդ մասնագետի ստացած գիտելիքը կարող էր նրան 10-15 տարի ծառայել: Այժմ այդ ժամանակը կրճատվել է 2-3 անգամ: Ստացվում է, որ այդքան դժվարությամբ աշակերտին տրված գիտելիքը կարող է հնանալ նախքան նրա ինքնուրույն գործունեություն սկսելը: Այո, դպրոցը չի կարող գիտելիքով ապահովել ամբողջ կյանքի և յուրաքանչյուր դեպքի համար:

Հին ասացվածքը հիշեցնում է. «Շատ բան իմանալը խելք չի սովորեցնում»: Կարելի է շատ բան իմանալ և թույլ զարգացած մտքով մարդ լինել: Հարցը քանակը չէ: Մեր ժամանակներում այդքան կարևոր չէ աշակերտների գլուխները պատրաստի գիտելիքներով լցնելը, որքան ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելուն սովորեցնելը, նրանց ճանաչողության ինքնուրույն հնարքներ սովորեցնելը:

Այդ գործի համար պետք է նուրբ և կատարյալ մեթոդիկա:

Ցավոք, մեթոդիկայի հարցում դեռ պարզամտությամբ ենք տառապում: Գրծնականում հաճախ ուսուցիչը հիմնական ուշադրությունը առաջադիմությանը և որպես դրա արտաքին արտահայտում` գնահատականին է դարձնում: Խոսք չկա, առաջադիմությունը կարևոր է: Բայց աշակերտի ընդհանուր հոգևոր աճը, նրա ընդունակությունների զարգացումը, ստեղծագործական ուժերի արթնացումը միայն առաջադիմությամբ չեն որոշվում: Ավելին. նշված հասկացություների մեծ մասը դպրոցական գնահատանիշներով հնարավոր չէ չափել: Աշակերտների մեծ մասի համար առաջվա նման գնահատականներն են կարևոր, այլ ոչ թե ճանաչողության պրոցեսը:

Չկարծեք, թե գնահատանիշային համակարգից հրաժարվելու կոչ եմ անում: Գնահատականը ոչ միան գնահատում է գիտելիքը, այլ նաև դաստիրակում է: Բայց գնահատման նոր միջոցների և մեթոդների պահանջն ավելի շատ է զգացվում. գնահատանիշը շատ անկատար գործիք է: Համոզված եմ՝ այն տեսքով, ինչպես մենք ենք հիմա հասկանում, այն ոչ միայն բարիք, այլև չարիք է բերում: «Երկուսի» և նրա բերած պատժի հանդեպ վախը երբեմն սպանում է սովորելու ցանկությունը, վախկոտ և զգուշավոր դարձնում, հանգեցնում է խորամանկության և ստախոսության: Եթե կարողանայինք ազատվել ամոթալի և նվաստացնող այդ վախի զգացողությունից, երեխաների համար որքա~ն հաճելի կլիներ սովորելը, իսկ մեզ համար` աշխատելը:

 

Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ, փոխվել է և վերաբերմունքը մեր մասնագիտության նկատմամբ:

Կար ժամանակ, երբ մասնագիտության հեղինակությունը մեքենայորեն և անվրեպ աշխատում էր ուսուցչի օգտին: Միայն ուսուցչի անունը լսելով՝ մարդիկ հարգանքով հանում էին գլխարկները, իսկ ամենաաղմկոտ աշակերտները լռում էին: Այն ժամանակներում, երբ ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրն էր, մարդկության իմաստնության կրողը, նրա խոսքն անվիճելի էր: Նրա ճշմարիտ լինելուն ոչ մեկը չէր կասկածում: «Եթե ուսուցիչն ասել է, ուրեմն այդպես է»,- ասում էին ծնողները իրենց երեխաներին: Մարդիկ միամտորեն կարծում էին, որ ուսուցիչը չի կարող սխալվել, որ նա միշտ ճիշտ է:

Դա բոլորովին նրա համար չեմ ասում, որ երանի տամ անցյալին, այլ որպեսզի ընգծեմ այն միտքը, որ այսօր շատ ավելի դժվար է:

Ուսուցչական հեղինակությունը ինստիտուտն ավարտելիս դիպլոմի հետ միասին չի տրվում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է բառացիորեն սեփական քրտինքով նվաճի և պահպանի իր մասնագիտության պատիվը: Այժմ ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրը չէ: Նա շատ դաշնակիցներ, օգնականներ և … մրցակիցներ ունի: Կյանքի փորձը, աշխատանքային ստաժը, տարիքը` այս ամենը միայն տարիֆիկացիոն ցուցակի համար է պետք, բայց ոչ աշակերտներին: Նրանք չեն ցանկանում մարդուն հարգել և լսել միայն նրա համար, որ նա տարիքով մեծ է և ուսուցիչ է: Եթե մանկավարժը գիտելիքների իմացության կոչ է անում, իսկ ինքը թույլ է իր առարկայից` վատ է:
Եթե մանկավարժը լայն կրթության անհրաժեշտության կոչ է անում, իսկ ինքը իր առարկայից բացի ուրիշ ոչինչ չի ուզում իմանալ, տագնապալի է:

Եթե ուսուցիչը ազնվություն և վեհանձնություն է քարոզում, իսկ ինքը անարդար է, չար, վրեժխնդիր, նողկալի է:

Մի ժամանակ աշակերտի և ուսուցչի միջև շատ մեծ հեռավորություն կար: Այսօր դա արագորեն կրճատվում է: Դա կարելի է բացատրել նրանով, որ տարիքային հարաբերություններն այլ են: Բայց իմ կարծիքով կարևորն ուրիշ բան է: Աշակերտի գիտելիքի մակարդակն ավելի արագ է բարձրանում, քան ուսուցչինը: Դա նույնպես կարելի է բացատրել: Բայց եթե ուսուցիչն ավելի քիչ իմանա, քան իր աշակերտները, նրանք երես կդարձնեն նրանից: Ուրեմն սեփական գիտելիքների մշտական լրացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է մեր մասնագիտության մարդկանց համար:

Իմ դիտարկումների համաձայն, որքան էլ տարօրինակ է, ուսուցիչներն ավելի շուտ են կորցնում հետաքրքրության զգացումը, նոր գիտելիքի հասնելու ձգտումը, քան ուրիշ մասնագիտություն ունեցող մարդիկ: Դա հոգեբանորեն կարելի է բացատրել: Դա մեր աշխատանքի հակառակ կողմերից է: Մենք ամբողջ կյանքում սովորեցնում ենք, խրատում, ուրիշների համար նորը բացահայտում. այնպես որ ինքներս մեզ համար բացահայտումներ անելու ո՛չ ուժ է մնում, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ժամանակ: Հանքափորի և մետաղագործի համար գիրքը հոգու հանգստություն է: Ուսուցչի համար գիրքը աշխատանքային գործիք է, որից երբեմն ուզում ես հանգստանալ:

Մեզ համար աշխատանքն աշխատանք է, հանգիստն էլ աշխատանք է: Ուսուցիչը նույնիսկ դպրոցից դուրս`փողոցում, հյուրընկալվելիս, իրավունք չունի մոռանալու, որ ինքը ուսուցիչ է, իրավունք չունի թուլանալու:

Ի~նչ դժվար է մշտական նյարդային լարվածության մեջ լինել, ամեն րոպե ինքնավերահսկման վիճակում:

Կողքից կարող է թվալ, որ ուսուցչի աշխատանքը խիստ անհատական է. ամեն մեկը դասավանդում է իր առարկան, ունի իր դասարանը, աշակերտները, իր անհատական ազդեցությունն է թողնում երեխաների վրա: Դա և՛ այդպես է, և՛ այդպես չէ:

Հանճարեղ միայնակների ժամանակն անցել է: Դպրոցը մտել է զարգացման այնպիսի փուլ, երբ հաջողությունը պայմանավորված է միայն մանկավարժների համատեղ գործունեությամբ: Նույնիսկ տաղանդավոր և փորձառու ուսուցիչները չեն կարող ազդել ուսումնադաստիարակչական պրոցեսի վրա, եթե մանկավարժների կոլեկտիվում իրենց գործողությունները չհամաձայնեցնեն, եթե իրենց փորձը և աշխատանքը գործընկերների ընդհանուր ջանքերին ենթարկել չկարողանան:

Մեզ մոտ շատ են խոսում կոլեկտիվից, բայց դրա տակ ավելի հաճախ հասկանում են երեխաների դաստիարակչական կոլեկտիվ: Մեր գործում հաջողության համար ոչ պակաս կարևոր պայման եմ համարում համակարծիք մանկավարժների կոլեկտիվի առկայությունը: Շատ քիչ կարելի է նշել այնպիսի մասնագիտություններ, որտեղ աշխատանքի արդյունավետությունը այդքան կախված լինի կոլեկտիվի աշխատանքային որակներից:

Բոլորը գիտեն, որ միասնության բացակայությունը ընտանիքում կործանարար ազդեցություն ունի երեխայի դաստիարակության համար: Դպրոցը հսկայական ընտանիք է, որտեղ միանգամից ուսանում և դաստիարակվում են հարյուրավոր երեխաներ, և, հետևաբար, հարյուրավոր անգամ մեծանում է մանկավարժների անմիաբանության հետևանքով առաջացող վտանգը:

Ա. Ս. Մակարենկոն իր ժամանակին շատ է աշխատել միասնական մանկավարժական կոլեկտիվ ստեղծելու համար: Նրա փորձը և եզրակացությունները մեզ համար շատ կարևոր են մնում: Այդ հետևություններից գլխավորը կարելի է հետևյալին հանգեցնել:

Լավ ուսուցչական կոլեկտիվն առաջին հերթին առանձնանում է բարձր տրամադրությամբ, մշտական աշխուժությամբ, գործելու մշտական պատրաստականությամբ:  Ո՛չ մի մթնած դեմք և թթված արտահայտություն: Աշխատանք ժպիտով: Եվ հակառակը, չկա ավելի վնասակար բան, քան դյուրագրգռությունը, նյարդայնությունը, գոռգոռոցը, լարվածությունը:

Լավ կոլեկտիվի երկրորդ պայմանը միասնական աշխատանքն է: Կարող են հարցնել՝ իսկ ուր մնացին անհատականությունը և ժողովրդավարությունը: Երբ ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է, դա ժողովրդավարություն չէ, այլ կամայականություն, անարխիա: Դատողությունների ազատություն, բայց աշխատանքային միասնություն. ուսուցչական կոլեկտիվում սա է ժողովրդավարությունը:

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ դժվար է, երբ դպրոցում նույն հարցի վերաբերյալ ուսուցիչները տարբեր պահանջներ ունեն: Խոսքը ուսուցչի անձի անհատական առանձնահատկություների մասին չէ, այլ սկզբունքային հարցերում սկզբունքային տարակարծության:

Մանկավարժական աշխատախմբի ամեն մի անդամ պետք է իր մեջ զարգացնի կանգ առնելու սովորությունը: Մարդ ցանկացած քայլի կարող է ստիպված կանգ առնել: Սա շատ դժվար է, բայց անհրաժեշտ: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր, պատճառ բերելով իրենց քայքայված նյարդային համակարգը, իրենց չեն տիրապետում:

Ուսուցիչները, հատկապես ուժեղները, փորձառուները, որպես կանոն չեն կարողանում ենթարկվել, բայց շատ հիվանդագին են ընդունում իրենց պահանջների նկատմամբ անհնազանդությունը: Պետք է կարողանալ ոչ միայն ենթարկվել, այլ նաև զիջել ընկերոջը. առանց դրա չի կարելի աշխատել կոլեկտիվում:

Ուսուցչական կոլեկտիվի մեկ առանձնահակությունն էլ պայթունային գործողության ունակ լինելն է: Ինչքան էլ լավը լինի կոլեկտիվը, չի կարելի ապավինել միայն էվոլյուցիային: Սուր պահերը, պայթյուները, նույնիսկ կոնֆլիկտները անխուսափելի են: Առանց հակասությունների ուսուցչական կոլեկտիվն ինքնախաբեություն է: Չէ՞ որ քիչ չեն ուսուցչական էթիկայի աղաղակող խախտումները՝ աշակերտների սերը վաստակելու մոլուցքը, աշակերտներին աշխատանքային ընկերոջ դեմ լարելը, չարության պոռթկումը: Այդ ստոր բռնկումները միայն պայթյունով է հնարավոր հանգցնել: Այստեղ է, որ պետք է ի հայտ գա կոլեկտիվի առողջ որակը` բաց և արդար քնադատության ընդունակությունը:

Մեր հասարակության մեջ չկան մարդիկ, որոնք այդքան ցավագին ընդունեն քնադատությունը, որքան ուսուցիչները:

Ուսուցիչների միջավայրում տակտի մասին դեռ կեղծ պատկերացումներն են իշխում: Դա երևում է այն բանից, որ ուսուցչին ամեն կերպ աշխատում են զերծ պահել քնադատությունից, քանի որ դա իբր խաթարում է ուսուցչի հեղինակությունը: Այս դեպքում տակտը հասկացվում է որպես թերությունների նկատմամբ լռություն պահպանել, «աղբը խրճիթից դուրս հանելու» արգելք, մանկավարժին միշտ ճիշտ և անսխալական մարդ ներկայացնել: Լինում են դեպքեր, երբ ուսուցիչը, ներքուստ համաձայն չլինելով գործընկերոջ գործողությունների հետ, եռանդուն պաշտպանում է նրան` արհեստականորեն աջակցելով աշակերտների կամ ծնողների մոտ նրա խաթարված հեղինակության պահպանմանը:

Ոչինչ այնքան չի ամրացնում կոլեկտիվը, ինչպես ավանդույթները: Մեր դպրոցներում դրանք շատ են, բայց դրանցից քանի՞սն է ուսուցչական: Օգոստոսյան կոնֆերանսները և Ուսուցչի օրը. ահա ամբողջը: Քիչ չէ՞ արդյոք:

Այսպիսով միայն մանկավարժական կոլեկտիվը, ընկերների, համախոհների, մեր մասնագիտությանը ներկայացվող ժամանակակից պահանջների մակարդակին համապատասխանող ուսուցիչների կոլեկտիվը կարող է հաջողությամբ սովորեցնել և դաստիարակել երիտասարդ սերնդին:

Պատկերացնենք, որ ընկեր-համախոհների այդպիսի կոլեկտիվներ ստեղծվել են բոլոր դպրոցներում, ինչքա~ն գեղեցիկ կդառնա մեր աշխատանքը, մեր դժվարագույն մասնագիտությունը:

1) Կարակովսկու «Դաստիարակության սահմանները» գիրքը լույս է տեսել 1974թ. (խմբ.):

Թարգմանեց Ռուզան Հովհաննիսյանը, 11-րդ դասարան

Advertisements