Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք: Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

-Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

-Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա: