Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն  ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այնքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Advertisements