Կան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:

Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:

Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:

Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:

Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:

Advertisements