Նիքը ոտքի ելավ։ Լավ է, անվնաս էր մնացել։ Նա հայացք ձգեց ռելսերին, ոլորանին չքացող վերջին վագոնի վառ լույսերին։ Ռելսերի երկու կողմերում էլ ջուր էր ու թաց, ավելի հեռվում ճահիճ կար։

Նա շոշափեց ծունկը։ Տաբատը պատռված էր, մաշկը՝ պլոկված։ Ձեռքերին քերծվածքներ կային, եղունգների տակ՝ ավազ ու մոխիր։ Նա մոտեցավ ամբարի ծայրին, թեքավուն լանջով իջավ ջրի մոտ ու սկսեց լվանալ ձեռքերը։ Սառը ջրով խնամքով լվաց՝ եղունգների տակից հանելով կեղտը։ Այնուհետև պպզեց ու լվաց ծունկը։

Ա՜յ քեզ արգելակիչ սրիկա՛յ։ Կգայ մի օր, որ ինքը հախիցդ կգա՛։ Մտքիցը քեզ չի հանի։ Համա՜ թե ընկերացար, բա՛ն չունի ասելու։

«Հլա մի էստե՛ղ արի, ա՜յ տղա,— ասաց։— տե՛ս թե քեզ ինչ եմ ցույց տալիս»։

Ինքը ծուղակն ընկավ։ Ա՛յ քեզ հիմար։ Դէ չէ՜, իրեն էդ ձևով էլ չե՛ն խաղացնի։

«Էստե՛ղ արի, ա՛յ տղա, տե՛ս թե քեզ ինչ եմ ցույց տալիս»։ Հետո էլ՝ շրը՜մփ, ու նա ծնկներով ընկավ հենց ռելսերի վրայ։

Նիքը շփեց աչքը։ Մի մեծ ելունդ էր առաջացել աչքի տակ։ Կապտուկ որ՝ հաստատ է։ Աչքն արդեն ցավում էր։ Ա՛յ, գրողի՛ տարած արգելակիչ։

Նա շոշափեց աչքի տակի ելունդը։ Դե լավ է, գոնե միայն կապտուկ եղավ։ Էժան պրծավ։ Լավ կլիներ՝ տեսներ ոնց է նախշվել։ Ջրի մեջ որ չի երևա։ Արդեն մութ էր, ինքն էլ՝ տնից հեռու։ Նա տաբատին քսելով մաքրեց ձեռքերն ու ոտքի ելավ, հետո մագլցելով ամբարտակը՝ դուրս եկավ ռելսերի վրա։

Տղան գնում էր ռելսուղով։ Այն պատված էր խիտ կոպճավազով, և քայլերը դյուրին էին․ քայլելիս ոտքի տակ զգում էր, որ ավազն ու խիճը լավ պնդված են։ Հարթ ճամփան՝ ասես մայրուղի, ձգվում֊անցնում էր ճահճի միջով։ Նիքը գնում էր ու գնում։ Նա գոնե պիտի մի տեղ հասներ, չէ՞։

Նիքը ցատկեց ապրանքատար մի վագոն, երբ գնացքը դանդաղեցրեց ընթացքը, Ուոլթըն կիսակայարանից ոչ հեռու։ Կալկասկան անցան, երբ արդեն մութն ընկել էր։ Այժմ երևի արդեն մինչև Մանսելոն քիչ է մնացել։ Ընդամենը՝ մի երեք֊չորս մղոն ճահճով գնալու ճամփա։ Նիքը քայլում էր խճապատ ճամփով՝ փորձելով ոտքը դնել կոպճավազին, ճահիճը չքանում էր վեր սողացող մեգի թանձրուկի մեջ։

Աչքը նվում էր, հետն էլ քաղցած էր։ Նա շարունակ քայլում էր՝ ետևում թողնելով մղոն մղոնի ետևից։ Ռելսուղու երկու կողմում էլ անընդմեջ ճահիճն էր ձգվում։

Ահա կամուրջը երևաց։ Նիքն անցավ այն, քայլերը թնդում֊ծեփվում էին երկաթին։ Ցածում՝ ռելսերի արանքից, սևին էր տալիս ջուրը։ Նիքը քացով խփեց մի մեծ մեխի, որը շրմփաց ջրի մէջ։ Կամրջից վեր բլուրների շղթան էր ձգվում։ Ռելսուղիների երկու կողմում դրանք վեր էին խոյանում մի սև վիթխարի զանգուածով։ Ճամփից վեր Նիքը կրակ տեսավ։

Նա զգույշ քայլերով մոտեցավ կրակին։ Այն ճամփից փոքր֊ինչ հեռու էր՝ երկաթգծի պատվարի տակ։ Տղան տեսնում էր միայն կրակի ցոլքերը։ Ռելսուղին ձգվում էր բլուրների միջով, իսկ այն տեղում, ուր խարոյկն էր վառվում, բացատն ասես ետ էր քաշվում ու կորչում անտառի մեջ։ Նիքը զգույշ իջավ ամբարտակից ու մտավ անտառ, որ ծառերի միջով մոտենա կրակին։ Հաճարի անտառ էր դա, և նա ոտքերի տակ զգում էր հաճարի ու կաղնու կճեպների հպումը։ Անտառի բացատից կրակն ավելի պայծառ էր թվում։ Կրակի մոտ մի մարդ էր նստած։ Նիքը կանգ առավ ծառի ետևում ու սկսեց նայել։ Մարդը կարծես թե մենակ էր։ Նստած էր նա գլուխը ափերի մէջ առած, հայացքը հառած կրակին։ Նիքն առաջացավ դեպի լույսը։

Մարդը նստած նայում էր կրակին։ Երբ Նիքն այլևս բոլորուին մոտ էր նրան, վերջինս նոյնիսկ չշարժվեց։

— Հելլո՜,— ասաց Նիքը։

Մարդը վեր նայեց։

— Էս ո՞րտեղից ես էդ կապտուկն աշխատել,— հարցրեց նա։

— Արգելակող մեքենավարի շնորհքն է, էլի։

— Ապրանքատարից հանե՞ց։

— Հա՛։

— Տե՛ս, է՜, էդ փչացածին,— ասաց մարդը։— Էստեղեքով անցավ մի կես ժամ առաջ։ Վագոնների կտուրներով գնում֊գալիս էր, թևերը թափ տալիս ու երգում։

— Ա՛յ քեզ սրիկա։

— Նա երևի ուրախ է, որ խփեց քեզ,— լուրջ տոնով ասաց մարդը։

— Ես դեռ դրա հախից կգա՛մ։

— Քարո՛վ խփի, երբ էստեղից անցնի,— խորհուրդ տվեց մարդը։

— Դրա դատաստանը ես կտեսնե՛մ։

— Ոնց որ թե քոասածի տղա ես, հը՞։

— Չէ՛,— պատասխանեց Նիքը։

— Քո տարիքի բոլոր տղերքն էլ իրասածի են։

— Ստիպված ես էդպիսին լինել,— ասաց Նիքը։

— Ես էլ է՛դ եմ ասում, էլի։

Մարդը նայեց Նիքին ու ժպտաց։ Խարույկի լույսի տակ Նիքը տեսավ, որ նրա դեմքը այլանդակված է։ Քիթը ջնջխված էր, աչքերը՝ ճեղի նման, շրթունքը՝ տձև։ Նիքն այս ամենը միանգամից չըմբռնեց․ նա միայն տեսավ, որ մարդու դեմքը տարօրինակ ձև ունի ու այլանդակված է։ Դա ասես ներկոտված դիմակ լիներ։ Կրակի լույսի տակ այն անկենդան էր թվում։

— Հը՛, ո՞նց է, իմ էս թավեն դո՞ւրդ է գալիս,— հարցրեց մարդը։

Նիքը շփոթվեց։

— Հա՛,— ասաց նա։

— Հլա նայի՛,— մարդը հանեց գլխարկը։

Նա միայն մի ականջ ուներ։ Այն ուռած էր ու կիպ կպած գլխին։ Իսկ մյուս ականջի տեղը ասես կտրած կոճղ լիներ։

— Հը՞, էսպիսի բան կյանքումդ տեսած կա՞ս։

— Չէ՛,— ասաց Նիքը։ Այդ ամենից սիրտը մի տեսակ խառնեց։

— Ես կարող էի շատ բանի դիմանալ,— ասաց մարդը։— Չե՞ս կարծում, որ կարող էի, հը՞, պստիկ։

— Չէ՛, հա՜։

— Էլ ո՛վ ասես ինձ չի խփել,— ասաց կարճլիկը։— Իսկ իմ հե՛չ պետքն էլ չի։

Նա նայեց Նիքին։

— Նստի՛ր,— ասաց։— Բան կուտե՞ս։

— Մի՛ անհանգստացեք,— ասաց Նիքը։— Քաղաք եմ գնում, կուտեմ։

— Հլա լսի՛,— ասաց մարդը։— Ինձ էդ ասա, լա՞վ։

— Եղա՛վ։

— Լսի՛,— ասաց մարդուկը։— Ինձ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, գիտե՞ս։

— Էդ ի՞նչ է եղել որ։

— Խե՛նթ եմ, ա՛յ թե ինչ։

Նա կեպին գլխին դրեց։ Նիքի ծիծաղը եկավ։

— Շատ էլ լա՛վ եք,— ասաց նա։

— Չէ՛, էդպէս չի։ Ես խենթ եմ։ Հլա լսի՛, կյանքիդ մեջ խենթ տեսած կա՞ս։

— Չէ՛,— ասաց Նիքը։— Էդ ինչի՞ց է էդպես լինում որ։

— Ես ի՞նչ գիտեմ,— ասաց Էդը։— Ստացվում է, ու չես էլ նկատում՝ ոնց։ Դու հո ինձ ճանաչում ես, չէ՞։

— Չէ՛։

— Ես էդ Ֆրե՛նսիսն եմ։

— Իսկականի՞ց։

— Չե՞ս հավատում։

— Հավատում եմ, ինչի չէ։

Նիքը զգաց, որ դա իրոք այդպէս է։

— Գիտե՞ս, թե դրանց ո՜նց եմ խփում։

— Չէ՛,— ասաց Նիքը։

— Սրտից խեղճ եմ։ Սրտիս զարկերը րոպեում քառասուն հատ են։ Հլա տե՛ս։

Նիքը տատանվեց։

— Դէ, արի՛, արի՛,— մարդը բռնեց նրա ձեռքից։— Բռնի՛ դաստակս։ Մատներդ դիր ա՛յ էստեղ։

Մարդուկի դաստակը հաստ էր, իսկ մաշկի տակ տնկված էին մկանները։ Նիքը մատների տակ զգում էր նրա սրտի դանդաղ խփոցը։

— Ժամացույց կա՞ մոտդ։

— Չէ՛։

— Ես էլ չունեմ,— ասաց Էդը։— Ուրեմն բան դուրս չի գա, եթե ժամացույց չկա։

Նիքը բաց թողեց դաստակը։

— Լսի՛,— ասաց էդ Ֆրենսիսը։— Հլա էլի՛ շոշափի։ Դու տե՛ս, ես էլ կհաշվեմ մինչև վաթսունը։

Մատների տակ զգալով սրտի թույլ, կտրուկ զարկերը՝ Նիքը սկսեց հաշվել։ Լսում էր, թե ինչպես էր մարդուկը դանդաղ ու բարձր հաշվում՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ…

— Վաթսո՛ւն,— ավարտեց Էդը։— Մի րոպե եղավ։ Քեզ մոտ ինչքա՞ն է։

— Քառասուն,— ասաց Նիքը։

— Ճի՛շտ է,— ուրախացավ Էդը։— Երբե՛ք չի արագանում։

Թմբի վրայից մի մարդ էր իջնում, որ ջրափոսի վրայով անցնելով մոտեցավ կրակին։

— Հըլլո՜, Բա՛գս,— ասաց Էդը։

— Հըլլո՜,— պատասխանեց Բագսը։ Խոսելու ձևից զգացվեց, որ նեգր է եկողը։ Նիքն արդեն քայլելու ձևից գլխի ընկավ, որ նեգր է։ Նա մեջքով կանգնեց՝ կռացած կրակի վրա։ Հետո ուղղեց մեջքը։

— Սա իմ ընկեր Բագսն է,— ասաց Էդը։— Նա՛ էլ է խենթ։

— Շա՜տ հաճելի է,— ասաց Բագսը։— Ասում եք՝ որտեղացի՞ եք։

— Չիկագոյից,— ասաց Նիքը։

— Հոյակա՛պ քաղաք է,— ասաց նեգրը։— Չլսեցի՝ անունդ ո՞նց է։

— Է՛դըմս։ Նի՛ք Էդըմս։

— Ասում է, թե ինքը երբեք խենթ չի եղել, Բա՛գս,— ասաց Էդը։

— Ամեն ինչ դեռ առջևում է,— ասաց նեգրը։

Կրակի մոտ նա մի փաթեթ էր բացում։

— Ե՞րբ ենք մի բան ուտելու, Բա՛գս,— հարցրեց բռնցքամարտիկը։

— Հենց հիմի։

— Սովա՞ծ ես, Նիք։

— Շա՛ն պես։

— Լսո՞ւմ ես, Բա՛գս։

— Ես մի՛շտ էլ ամեն ինչ լսում եմ։

— Ես քեզ է՛դ մասին չեմ հարցնում։

— Հա՛։ Լսեցի, թե էս ջենտլմենն ինչ ասաց։

Նա ապուխտի կտորները հերթով շարում էր թավայի մէջ։ Երբ թավան շիկացավ, ու ճարպն սկսեց ցայտել, Բագսն իր երկար նեգրական ոտքերով կռացավ կրակի վրա, շրջեց ապուխտի շերտերն ու ձու կոտրեց֊գցեց տաք ճարպի վրայ՝ այս ու այն կողմ ցրելով։

— Հաց չե՞ք կտրի, միստր Է՛դըմս, ա՛յ, էն տոպրակի մեջ է։— Բագսը շրջեց գլուխը։

— Իհա՛րկե։

Նիքը մոտեցավ տոպրակին ու միջից մի բոքոն հանեց։ Նա վեց շերտ կտրեց։ Էդն առաջ թեքվեց ու սկսեց նայել տղային։

— Հլա մի էդ դանակը դե՛սը տուր, Նի՛ք,— ասաց նա։

— Չէ՛, չտա՛ք,— ասաց նեգրը։— Դանակը պի՛նդ պահեք, միստր Էդըմս։

Բռնցքամարտիկը ետ նստեց։

— Էդ հացը ինձ չէի՞ք տա, միստր Էդըմս,— հարցրեց Բագսը։ Նիքը հացը տվեց նրան։

— Սիրո՞ւմ եք հացը ճարպի մեջ թաթախել,— հարցրեց նեգրը։

— Էն էլ ո՜նց։

— Դրանով ավելի լավ է հետո զբաղվէք։ Հետո, երբ սրա վերջին հասնենք։ Համեցե՛ք։

Նեգրը վերցրեց ճարպի մի կտոր, դրեց հացի վրա ու պատեց ձվով։

— Հիմի մի կտոր էլ հաց դրեք վրեն ու փոխանցեք, խնդրե՛մ, սենդվիչը միստր Ֆրենսիսին։

Էդը վերցրեց սենդվիչն ու սկսեց ուտել։

— Նայե՛ք, տեսեք, ձուն չծորա հանկարծ, վրից չթափվի,— զգուշացրեց նեգրը։— Սա ձե՛զ, միստր Էդըմս։ Մնացածն՝ ինձ։

Նիքը կծեց սենդվիչը։ Նեգրը նստած էր իր դեմ՝ Էդը կողքին։ Լավ տապակած ճարպն ու ձուն հրաշալի համ ունեին։

— Միստր Էդըմսը լա՜վ էլ սոված է,— ասաց նեգրը։ Փոքրամարմինը, որի անունը Նիքին ծանոթ էր որպես բռնցքամարտի նախկին չեմպիոն, լուռ նստած էր։ Նա ոչ մի բառ չէր արտաբերել դանակի մասին խոսելուց ի վեր։

— Թոյլ կտա՞ք ձեր հացը թաթախել ճարպի մէջ,— ասաց Բագսը։

— Շատ շնորհակալ եմ։

Փոքրամարմին ճերմակամորթը նայեց Նիքին։

— Իսկ ձե՞զ, միստր Է՛դըլֆ Ֆրենսիս,— առաջարկեց Բագսը։ Էդը չպատասխանեց։ Նա անքթիթ նայում էր Նիքին։

— Միստր Ֆրենսի՞ս,— լսվեց նեգրի մեղմ ձայնը։

Էդը պատասխան չտվեց։ Նա շարունակ Նիքին էր նայում։

— Ձե՛զ եմ հարցնում, մի՛ստր Ֆրենսիս,— մեղմորեն կրկնեց նեգրը։

Էդը շարունակում էր Նիքին նայել։ Գլխարկը իջել էր աչքերին։ Նիքը նյարդայնանում էր։

— Էդ ո՞ր գրողի տարածը քեզ էստեղ բերեց, հը՞,— Էդի չոր ու կտրուկ հարցը դուրս պրծավ գլխարկի տակից։— Քեզանից ի՞նչ ես ներկայացնում։ Դո՛ւ, ա՜յ լակոտ։ Տե՛ս, է՜, գալիս, նստում է անկոչ հյուրի պես, բայց որ դանակ ես խնդրում, արդեն ձևեր է թափում…

Նա աչքը Նիքից չէր կտրում, դեմքը ճերմակ էր քաթանի պես, իսկ աչքերը գրեթե չէին երևում գլխարկի տակից։

— Խելապակասի՛ մեկը։ Քեզ ո՞վ խնդրեց, որ էստեղ գաս։

— Ո՛չ ոք։

— Ճիշտ որ՝ ո՛չ ոք, գրո՛ղը տանի։ Ու ո՛չ ոք էլ չի խնդրել, որ մնաս։ Գալիս ես էստեղ, կեղտոտ բաներ ասում երեսիս մասին, սիգարներս ես ծխում, գինիս խմում, դեռ մի բան էլ դուրս ես տալիս, լակոտի՛ մեկը։ Քեզ թվում է, էդ է, փրկվեցի՞ր։

Նիքը ոչինչ չասաց։ Էդը ոտքի կանգնեց։

— Տե՛ս, թե քեզ ինչ կասեմ, Չիկագոյի վախկո՛տ սրիկա։ Գլո՛ւխդ կպոկեմ։ Հասկացա՞ր։

Նիքը ետ֊ետ գնաց։ Մարդուկը դանդաղ առաջանում էր ծանր քայլերով՝ առաջ գցելով նախ ձախ, ապա աջ ոտքը։

— Դե՛, խփի՛,— ասաց նա՝ շարժելով գլուխը։— Մենակ թե՝ փորձի՛։

— Ես չե՛մ ուզում ձեզ խփել։

— Դու դա չե՛ս մարսի։ Դու մի լավ ջա՛րդ կուտես, հասկացա՞ր։ Դե՛, առաջ դո՛ւ խփի։

— Վե՛րջ տվէք, հա՞,— ասաց Նիքը։

— Հա՜, էդպե՞ս, ա՜խ, դո՛ւ, սրիկա։

Մարդուկը նայում էր Նիքի ոտքերին։ Երբ նա հայացքն իջեցրեց, նեգրը, որ կրակի մոտից վեր կացել, հետևում էր նրան, նշան բռնեց ու թափով խփեց ծոծրակին։ Նա ընկավ, և Բագսը գետնին շպրտեց կոթը շորով փաթաթած կռփազենքը։ Մարդուկը պառկած էր՝ դեմքը խոտերի մեջ թաղած։ Նեգրը բարձրացրեց նրան ու տարավ խարույկի մոտ։ Նրա գլուխը կախ էր ընկել, դեմքը ահավոր էր, աչքերը՝ բաց։ Բագսը նրան խնամքով պառկեցրեց գետնին։

— Էդ դույլով ջուրը չե՞ք բերի, մի՛ստր Էդըմս,— ասաց նա։— Վախենամ, թե նրան չափից դուրս ուժեղ խփեցի։

Նեգրը ջուր ցողեց ընկածի դեմքին ու թեթևակի ձգեց ականջները։ Աչքերը փակվեցին։

Նեգրը վեր կացավ։

— Ամեն ինչ կարգի՛ն է,— ասաց նա։— Անհանգստանալու բան չկա՛։ Կներե՛ք, միստր Էդըմս։

— Ոչի՛նչ, ոչի՛նչ։— Նիքը նայում էր պառկած մարդուկին։ Նա նկատեց խոտերի մեջ ընկած կռփազենքն ու բարձրացրեց այն։ Այն դյուրաթեք կոթ ուներ ու հարմար էր ձեռքի մէջ։ Մաշված սև կաշվից էր՝ ծայրը լաթի կտորով փաթաթված։

— Կոթը կետի ոսկորից է,— ժպտաց նեգրը։— Էս տեսակ էլ չեն սարքում։ Չգիտեի՝ դուք սա գործածել գիտե՞ք, թե չէ, հետո էլ չէի ուզում, որ նրան խփեք կամ թե դեմքն ավելի այլանդակեք։

Նեգրը կրկին ժպտաց։

— Բայց դուք նրան ինքնե՛րդ խփեցիք։

— Ես գիտե՛մ ոնց խփել։ Նա հետո նույնիսկ բա՛ն էլ չի հիշի։ Ստիպված եմ դա անել, որ իրեն էդպիսի ժամանակ հանգստացնեմ։

Նիքի հայացքը շարունակ հառված էր խարույկի լոյւսի տակ պառկած փակ աչքերով մարդուկին։ Բագսը կրակին փայտ գցեց։

— Նրա համար մի՛ վախեցեք, միստր Էդըմս։ Առաջին անգամը չի, որ էս վիճակում եմ տեսնում նրան։

— Էդ ինչի՞ց է գժվել,— հարցրեց Նիքը։

— Է՜, էնքա՜ն բան կա,— պատասխանեց նեգրը կրակի մոտից։— Մի բաժակ սուրճ կուզե՞ք, մի՛ստր Էդըմս։

Նա բաժակը մեկնեց Նիքին, ուղղեց վերարկուն, որ դրել էր անզգա մարդուկի գլխատակին։

— Նախ և առաջ նրան շատ ծեծ են տվել,— նեգրը փոքր ումպերով խմում էր իր սուրճը։— Բայց դրանից նա միայն ավելի հիմարացավ։ Հետո էլ նրա գործերը քույրն էր կառավարում, իսկ թերթերում հազար ու մի բան էին գրում էդ տեսակ քույր ու եղբայրների մասին, ու թե ոնց էր աղջիկը սիրում եղբորը, ու սա էլ նրան, վերջում նրանք ամուսնացան Նիվ Եորքում, ու հենց դրանից էլ շա՜տ անախորժ բաներ ծնվեցին։

— Հա՛, էդ հիշում եմ։

— Տեսե՛ք։ Իհա՛րկե նրանք էնպիսի քույր ու եղբայր էին, ոնց որ, ա՛յ, ասենք՝ ես ու դուք, բայց, միևնույն է, դա շատերի դուրը չեկավ, իսկ սրանք էլ վիճել սկսեցին, մի օր էլ աղջիկը ուղղակի հեռացավ ու էլ ետ չեկավ։

Նա խմեց սուրճն ու սրբեց շրթունքները ձեռքի վարդագույն ափով։

— Էդ ժամանակ էլ նա խելքը թռցրեց։ Էլի՞ սուրճ կուզէք, մի՛ստր Էդըմս։

— Շնորհակա՛լ եմ։

— Նրա կնոջը մի քանի անգամ տեսել եմ,— խոսքը շարունակեց նեգրը։— Համա՛ թե սիրուն կնիկ էր, հա՜։ Իրար նման էին ջրի երկու կաթիլի պէս։ Սրա դեմքը իսկի էլ վատը չէր լինի, եթե էդպես չայլանդակեին։

Նա կանգ առավ։ Պատմությունն ասես դրանով էլ ավարտվեց։

— Նրա հետ որտե՞ղ եք ծանոթացել,— հարցրեց Նիքը։

— Բանտում,— ասաց նեգրը։— Նա սկսեց աջ ու ձախ հարձակվել մարդկանց վրա, երբ որ կինը իրենից հեռացավ, ու նրան նստեցրին։ Իսկ ինձ՝ մարդ սպանելու համար։

Նա ժպտաց ու շարունակեց։

— Ինձ նա մի անգմիից դուր եկավ, ու երբ դուրս եկա բանտից, սկսեցի նրան ման գալ։ Նրան դուր է գալիս ինձ գիժ համարելը, դե ես էլ դեմ չեմ։ Դուրըս գալիս է նրա հետ ման գալ տեղից տեղ, իսկ դրա համար էլ ստիպված չեմ գողություն անել։ Ինձ դուր է գալիս ջենտլմենավարի ապրելը։

— Իրար հետ ինչո՞վ եք զբաղվում,— հարցրեց Նիքը։

— Է՜, առանձնապես ոչ մի բանով։ Ուղղակի տեղից տեղ ենք գնում, էդքա՛ն բան։ Նա փող ունի։

— Երևի շատ փող է աշխատել, հա՞։

— Էն էլ ո՜նց։ Չնայած լրիվ էլ ծախսել է։ Կամ կարող է՝ մոտից թռցրել են։ Կինը նրան փող է ուղարկում։

Նա ուղղեց կրակը։

— Նա կատաղած սիրուն կնիկ է,— ասաց նա։— Մարդուն էնքա՛ն է նման, ոնց որ ասենք՝ ջրի երկու կաթիլ։

Նեգրը նայեց փոքրամարմին այդ մարդուն, որ ծանր էր շնչում։ Շեկ մազերը թափվել ընկել էին ճակատին։ Այլանդակված դեմքն անխռով էր մանկան պես։

— Հիմի արդեն ամե՛ն րոպե կարող եմ նրան ուշքի բերել, մի՛ստր Էդըմս։ Եթե դեմ չեք, ավելի լավ է՝ գնա՛ք։ Չեմ ուզում անքաղաքավարի երևալ, բայց նա ձեզ էստեղ տեսնելով կարող է էլի՛ իրեն կորցնել։ Հեչ չե՛մ ուզում նրան խփել, բայց դա նրան հանգստացնելու միակ ձևն է, երբ իրար է գալիս։ Ստիպված նրան մարդկանցից հեռու եմ պահում։ Դեմ չեք, չէ՞, որ հեռանաք, մի՛ստր Էդըմս։ Չէ՛, ո՛չ մի շնորհակալություն, մի՛ստր Էդըմս։ Ես պիտի ձեզ զգուշացնեի, բայց ինձ թվաց, թե դուք նրան շատ դուր եկաք, ու կարծում էի՝ ամեն ինչ լավ կանցնի։ Մինչև քաղաք էս ճամփով մի երկու մղոն կգնաք։ Մանսելոն է անունը։ Մնա՛ք բարով։ Կուզենայի ձեզ հրավիրել գիշերը մեզ հետ մնալու, բայց դե էդ հարցից դուրս է։ Միգուցե հաց ու ճարպ վերցնե՞ք հետներդ։ Չէ՞։ Գոնե սենդվիչ վերցնեիք,— և այս ամենը նա ասում էր ցածր, միալար, սևամորթին բնորոշ քաղաքավարի ձայնով։

— Եղա՛վ։ Դէ, ի՞նչ ասեմ, գնաք բարեա՛վ, մի՛ստր Էդըմս։ Գնացէ՛ք բարով ու՝ հաջողություն։

Նիքը հեռացավ կրակից, անցավ ջրափոսն ու քայլերն ուղղեց դեպի ռելսուղի։ Կրակի մոտից հեռանալով՝ նա մի պահ կանգ առավ ու ականջ դրեց։ Նեգրը խոսում էր ցածր, մեղմ ձայնով։ Նիքը բառերը չէր տարբերում։ Հետո ականջին հասավ մարդուկի ձայնը։ — Գլուխս ահավոր ցավում է, Բագս։

— Կանցնի՛, կանցնի՛, մի՛ստր Ֆրենսիս,— հանգստացնում էր նրան նեգրը։— Տաք սուրճ խմե՛ք՝ կանցնի։

Նիքը մագլցեց֊անցավ ամբարտակն ու գնաց ռելսերով։ Նա նկատեց, որ ճարպով սենդվիչը դեռ ձեռքին է, ու շտապ այն կոխեց գրպանը։ և քանի դեռ գալարուն ռելսերը չէին չքացել բլուրների ետևում, նա ետ նայեց ու տեսավ կրակի լույսը անտառի բացատին։