Բիսէյը կանգնած էր ցածում` կամրջի տակ, և սպասում էր նրան:
Բարձրում, նրա գլխավերևում, պատատուկներով կիսով չափ պարուրված քարե բարձր բազրիքի ետևում, ժամանակ առ ժամանակ երևում էին կամրջով անցնողների սպիտակ քղանցքները` մայրամուտի վառ արեգակով լուսավորված և քամուց թեթևակիորեն ծածանվող… Իսկ նա չէր գալիս:
Փոքր-ինչ անհանգստացած` Բիսէյը մոտեցավ և սկսեց նայել հանդարտ գետին, որով չէր լողում և ոչ մի նավակ:

Գետի երկայնքով սեղմ պատնեշ կազմած` աճում էր կանաչ եղեգնուտը, իսկ եղեգնուտի վրա այստեղ-այնտեղ կորվել էին ուռիների խիտ սաղարթները: Իսկ գետը թեև լայն էր, սակայն եղեգնուտներով սեղմված ջրի մակերևույթը նեղ էր թվում: Մաքուր ջրի ժապավենը, ոսկեզօծելով սադափային միակ ամպաքուլայի արտացոլումը, հանդարտ գլորվում էր եղեգնուտների միջով… Իսկ նա չէր գալիս:
Բիսէյը հետ քաշվեց ջրից և առափնյա ծանծաղուտով ետ ու առաջ քայլելով` ունկ դրեց մթնշաղով լցվող մեղմորեն հագեցող լռությանը:
Երթևեկությունը կամրջի վրա արդեն լռել էր: Ո’չ քայլերի ձայն, ո’չ սմբակների դոփյուն, ո’չ սայլերի դղրդյուն. Այնտեղից ոչինչ չէր լսվում: Քամու սոսափ, եղեգնուտի խշշոց, ջրի ճողփյուն… հետո ինչ-որ տեղ սուր կռնչաց ձկնկուլը: Բիսէյը կանգ առավ. ըստ ամենայնի սկսվում էր մակընթացությունը, ջուրը, արշավելով տղմոտ ծանծաղուտի վրա, ցոլցլում էր ավելի մոտիկ, քան առաջ… Իսկ նա չէր գալիս:
Բարկացած խոժոռվելով` Բիսէյն սկսեց արագ-արագ քայլել կիսամութ ծանծաղուտով, կամրջի տակ: Այդ ընթացքում ջուրը կամացուկ, քայլ առ քայլ ողողում էր ծանծաղուտը: Եվ նրա մաշկին դիպավ տիղմի զովն ու ջրի թարմությունը: Նա վեր պարզեց աչքերը` կամրջի վրա արդեն մարել էր մայր մտնող արեգակի պայծառ փայլը, և մայրամուտի աղոտ-կանաչավուն երկնքում սևին էր տալիս քարե բազրիքի հստակ ուրվագիծը… Իսկ նա չէր գալիս:
Բիսէյը վերջապես կանգ առավ:
Ջուրը, արդեն լիզելով նրա ոտքերը, փայլելով առավել ցոլքերով, քան պողպատն է պսպղում, ալիքվում էր կամրջի տակ: Անկասկած, չի անցնի մեկ ժամ, և անգութ մակընթացությունը կողողի նրա և’ ծնկները, և’ փորը, և’ կուրծքը: Ոչ, ջուրն ավելի արագ է բարձրանում, և ահա` նրա ծնկներն արդեն ծածկվեցին գետի ալիքներով… Իսկ նա չի գալիս:
Հույսի վերջին շողն աչքերում` Բիսէյը հայացքը նորից ու նորից հառում էր երկինք` կամրջին:
Նրա կուրծքը ողողող ջրի մակերևույթին վաղուց արդեն խտացել էր իրիկվա կապույտը, և մշուշի միջով նրա ականջին էր հասնում ուռիների ու խիտ եղեգնուտի թախծոտ խշշոցը: Եվ հանկարծ, հպվելով Բիսէյի քթին, ցոլցլացնելով սպիտակ փորիկը, ջրից դուրս թռավ մի ձկնիկ և անցավ նրա գլխավերևով: Բարձրիկ երկնքում վառվեցին դեռևս հատուկենտ աստղերը: Եվ նույնիսկ պատատուկներով պարուրված բազրիքի ուրվագիծը լուծվեց արագորեն վրա հասնող մթությանը… Իսկ նա չէր գալիս:
Կեսգիշերին, երբ լուսնի լույսը ողողում էր եղեգնուտն ու ուռիները գետի երկայնքով, ջուրն ու զեփյուռը, կամացուկ փսփսալով, Բիսէյի մարմինը կամրջի տակից զգուշորեն տարավ դեպի ծով: Սակայն Բիսէյի հոգին ուղղվեց դեպի երկնքի սիրտը, լուսնի ցոլքը թախծոտ` գուցե այն պատճառով, որ նա սիրահարված էր: Թաքուն լքելով մարմինը, նա սահուն բարձրացավ աղոտ լուսավորվող երկինք` ճիշտ այնպես, ինչպես գետից համրաձայն բարձրանում է տիղմի հոտը, ջրի թարմությունը…
Իսկ հետո, հազարավոր տարիներ անց, այդ հոգուն, որն անթիվ անգամ կերպարանափոխվել էր, վերստին մարդկային կյանք վստահվեց: Դա հենց այն հոգին էր, որն ապրում է իմ մեջ: Այդ պատճառով, թող որ մեր ժամանակներում` այնուհանդերձ, ես ընդունակ չեմ ոչ մի լուրջ բանի, և գիշեր թե ցերեկ ապրում եմ երազանքներով և միայն սպասում, թե ինձ կայցելի զարմանահրաշ մի բան: Ճիշտ այնպես, ինչպես Բիսէյն էր, աղջամուղջի մեջ, կամրջի տակ սպասում իր սիրած էակին, որը չի գալու երբևէ:

Ակուտագավա Րյունոսկե. «Արվեստի և այլ բաների մասին»

Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ: Քանզի մենք բոլորս ծառայում ենք արվեստին, մեր ստեղծագործությունները պետք է առաջին հերթին ապշանք հարուցեն իրենց գեղարվեստականությամբ: Մենք այլ ուղի չունենք, քան հասնել դրանց կատարելությանը:

* * *
«Արվեստ արվեստի համար»` եւս մի քայլ, եւ կընկնես արվեստը զվարճալիքի վերածելու մեջ:

Արվեստ հանուն կյանքի` եւս մի քայլ, եւ կընկնենք արվեստի օգտապաշտության գիրկը:

* * *
Կատարելությունը` ոչ թե պարզապես մի ստեղծագործության ստեղծումն է, որն ընթերցելիս ոչնչի չես կարող կպնել: Այն լիակատար եւ բազմակողմանի իդեալների արտահայտությունն է արվեստում: Արվեստագետը, ով ունակ չէ հետեւելու դրան, արժանի է անարգանքի: Այսպիսով` մեծ արվեստագետը նա է, ում կատարելության ոլորտն ամենաընդգրկունն է: Օրինակ` Գյոթեն:

* * *
Մարդուն, իհարկե, տրված չէ գերազանցել բնությունից տրված հնարավորությունները: Սակայն, եթե հիմնվելով դրա վրա՝ ոչինչ չանես, ապա չես իմանա, թե ուր է այդ սահմանը: Ահա թե ինչու անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը սխրագործ լինի, որ ձգտում է Գյոթե դառնալ: Բայց կարիք չկա ի լուր ամենքի հայտարարել, թե քեզ հաջողվել է Գյոթե դառնալ:

* * *
Ամեն անգամ, երբ մենք ձգտում ենք ոտք դնել գեղարվեստական կատարելության ուղի, մեր սխրանքը դեմ է առնում խոչընդոտների: Գուցե թե դա հանգստության տե՞նչն է: Ոչ, դա չէ: Ինչ-որ առավել առեղծվածային մի բան է: Որքան մարդ բարձրանում է սարն ի վեր, այնքան ամպերով ծածկված ստորոտը նրան հարազատ է դառնում` ահա թե ինչ: Նմանատիպ զգացողություն չունեցող մարդն ինձ խորթ է:

* * *
Թրթուրը ծառի ճյուղի վրա մահացու վտանգի է ենթարկվում իր թշնամիների պատճառով` ջերմաստիճանի, եղանակի, թռչունների: Արվեստագետը, որպեսզի ողջ մնա, նույնպես, թրթուրի պես, պետք է փրկվի իրեն դարանակալած վտանգներից: Հատկապես վտանգավոր է ընդհատումը: Ոչ, արվեստում դադարն անհնար է: Դեպի առաջ շարժման բացակայությունը նշանակում է՝ շարժում դեպի ետ: Բայց բավ է որ արվեստագետը ետ շարժվի, եւ ստեղծագործական պրոցեսը մեխանիկական է դառնում: Դա նշանակում է, որ նա ստեղծագործություն-զույգեր է ծնում: Բավական է որ ստեղծագործական պրոցեսը մեխանիկական դառնա, եւ արվեստագետը կործանման եզրին է հայտնվում: «Վիշապը» գրելով, ես ինձ հասցրի կործանման եզրին:

* * *
Ամենեւին էլ պարտադիր չէ օրինաչափությունը` թե որքան ճիշտ են մարդու հայացքներն առ արվեստ, այնքան նա լավ ստեղծագործություններ է գրում: Մի՞թե միայն ինձ է ընկճում այդ միտքը: Պաղատում եմ, որ դրանում միայնակ չգտնվեմ:

* * *
Բովանդակությունը` բունն է, ձեւը` ճյուղերը: Այս տեսակետը մեծ տարածում ունի: Սակայն դա միայն ճշմարտանման սուտ է: Ստեղծագործության բովանդակությունը` դա բովանդակությունն է, որ անպայման ձուլված է ձեւին: Մտածել, որ ի սկզբանե գոյություն ունի բովանդակությունը, իսկ ձեւը հետո է ստեղծվում, կարող է միայն կույրը, ով չի հասկանում արվեստի էությունը: Երեւի թե հիշում եք «Ուրվականների» Օսվալդի խոսքը` «Ծարավի եմ արեւի»: Ի՞նչ է այդ խոսքերի բովանդակությունը: Պրոֆեսոր Ցուբոիտին, «Ուրվականների» ծանոթագրություններում, այն թարգմանել էր «մութ է» բառով:

Հնարավոր է՝ տրամաբանության տեսանկյունից «ծարավի եմ արեւի» եւ «մութ է» միեւնույն բանն է, բայց այդ բառերի բովանդակության տեսակետից դրանք միմյանցից հեռու են, ինչպես երկինքը երկրից: «Ծարավի եմ արեւի» հանդիսավոր խոսքերի բովանդակությունը կարող է դրսեւորվել լոկ «ծարավի եմ արեւի» ձեւով: Իբսենի մեծությունն այն է, որ նա ճշգրիտ կարողացել է որսալ ամբողջությունը, որ միաձուլված է բովանդակության եւ ձեւի մեջ: Ոչ մի զարմանալի բան չկա այն բանում, որ Էչեգարայը «Դոն Ժուանի երեխան» պիեսի առաջաբանում հիացմունքով է խոսում այդ դրամայի մասին: Եթե խառնենք այդ խոսքերի բովանդակությունը եւ դրանցում պարփակված սիմվոլիկ իմաստը, ապա կարելի է հանգել բովանդակության սխալ գնահատանքին: Վարպետորեն հորինված բովանդակությունը դեռեւս ձեւ չէ: Բայց ձեւը պարփակված է հենց բովանդակության մեջ: Կամ ընդհակառակը: Մարդու համար, ով չի որսում այդ նրբին հարաբերությունները, արվեստը փակ գիրք է մնում:

* * *
Արվեստը սկսվում է ինքնարտահայտումից եւ ինքնարտահայտմամբ էլ ավարտվում է: Նկարներ չստեղծող նկարիչը, բանաստեղծություններ չգրող բանաստեղծը` բառեր են, որ փոխաբերական իմաստից զատ, որեւէ այլ իմաստ չունեն: Դրանք առավել տափակ են, քան «չսպիտակ կավիճը»:

* * *
Սակայն ձեւի առաջնության սխալ գաղափարը դավանողները` իսկական չարիք է: Փաստորեն, դա նույնպիսի չարիք է, ինչ բովանդակության առաջնության սխալ գաղափարը դավանելը: Վերջիններս աստղի փոխարեն երկնաքար են առաջարկում: Առաջինները, նայելով լուսատտիկին, մտածում են, թե դա աստղ է: Հակումներս, կրթությունը ինձ ստիպում են շրջահայաց լինել, եւ ծափերը նրանց, ովքեր դավանում են ձեւի առաջնության սխալ գաղափարը, ինձ չեն գրավում:

* * *
Երբ հաջողվում է ներթափանցել մեծ արվեստագետի ստեղծագործության մեջ, մենք, հաճախ նրա վիթխարի հզորությանը ենթարկված, մոռանում ենք այլ գրողների գոյության մասին: Ինչպես մարդիկ, որ երկար արեւին են նայում, եւ ահա բավ է հայացքը կտրեն արեւից, ու շուրջբոլորն ամեն ինչ մութ է թվում: Առաջին անգամ «Պատերազմ եւ խաղաղությունը» ընթերցելուց հետո, ես սկսեցի քամահրանքով վերաբերվել բոլոր մնացյալ ռուս գրողներին: Դա սխալ էր: Մենք պետք է գիտենանք, որ բացի արեւից՝ գոյություն ունեն լուսինն ու աստղերը: Գյոթեն Միքելանջելոյի «Ահեղ դատաստանով» հիացած՝ իրեն թույլ տվեց կասկածել, թե արդյո՞ք քամահրանքի արժանի չէ Ռաֆայելը Վատիկանում:

* * *
Արվեստագետը, արտասովոր ստեղծագործություն ստեղծելու համար, չի կանգնի նույնիսկ այն բանի առջեւ, որ հոգին ծախի սատանային: Ես, անշուշտ, նույնպես դա կանեմ: Բայց կան մարդիկ, ովքեր առավել թեթեւությամբ դա կանեն, քան ես:

* * *
Ճապոնիա ժամանած Մեֆիստոֆելը հայտարարեց` «Չկա այնպիսի ստեղծագործություն, որը հնարավոր չլինի անարգել: Միակ բանը, որ պետք է անի խելոք քննադատը` ընտրել պահը, երբ իր պարսավանքը կընկալվի: Եվ, օգտվելով այդ պահից, գրողի գլխին անեծքներ տեղա: Այդպիսի անեծքները երկակի ազդեցություն ունեն: Եվ ժողովրդի դեմ են, եւ թե գրողի»:

* * *
Արվեստ հասկանալ-չհասկանալը նրա մասին դատողություններից անդին է: Որպեսզի իմանաս՝ ջուրը տա՞ք է, թե՞ սառը, կա լոկ մի միջոց` խմել այն: Այդպես է եւ, երբ խոսքը արվեստի ըմբռնման մասին է: Մտածել, որ կարելի է քննադատ դառնալ՝ գեղագիտությանը վերաբերող գրքեր ընթերցելով, նույնն է թե, իբր՝ բավ է որ ուղեցույցներ կարդաս, եւ արդեն ոչ մի խորհրդավոր տեղ Ճապոնիայում չի մնա: Ժողովրդին, կարծում եմ, հնարավոր է խաբել: Բայց արվեստագետինգ

* * *
Արվեստում ես համակիր եմ ուզածդ բողոքի ոգուն: Նույնիսկ, եթե այն ուղղված է իմ դեմ:

* * *
Ցանկացած հանճարի ստեղծագործական գործունեությունը միշտ գիտակցված է: Ի՞նչ է դա նշանակում: «Սոճին քարի վրա» նկարում ծառի ճյուղերն ուղղված են մի կողմի վրա: Ինչո՞ւ է դա այդքան ապշեցուցիչ տպավորություն ստեղծում: Չգիտեմ, արդյոք դա հայտնի էր հենց նկարչին, բայց այն, որ տպավորությունը ստեղծված է ճյուղերի հենց այդպիսի դասավորությամբ, նա հիանալիորեն հասկանում էր: Եթե չհասկանար, բնավ էլ հանճար չէր լինի: Այլ կլիներ սովորական ռոբոտ:

* * *
Անգիտակից ստեղծագործական գործունեությունը պատրանք է: Ահա թե ինչու Ռոդենն այդչափ քամահրանքով էր արտահայտվում ներշնչանքի մասին:

* * *
Սեզանը, լսելով այն քննադատական դիտողությունը, թե Դելակրուան ծաղիկներն անփույթ է նկարում, խստորեն դեմ ելավ: Հնարավոր է, որ նա կամենում էր միայն Դելակրուայի մասին խոսել: Սակայն բողոքի մեջ ակնհայտորեն դրսեւորվում է հենց Սեզանի կերպարը: Հասու լինելու համար անխախտ օրենքներին, որոնք ստիպում են արվեստագետին գեղարվեստական ցնցում ապրել, հարկ է քրտինքի մեջ կորած աշխատել` հենց դա է Սեզանի ապշեցուցիչ կերպարը:

* * *
Այդ անխախտ օրենքից օգտվել կարողանալը` յուրատեսակ աճպարարություն է: Նրանք, ովքեր արհամարհում են նմանատիպ ֆոկուսները, կամ չեն հասկանում, թե ինչ է արվեստը, կամ էլ կիրառում են այդ բառը միայն մեկ իմաստով` ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում: Բայց այդ դեպքում սնապարծորեն հայտարարելը, թե դա արդեն բանի նման չէ` նույնն է թե, երկրի երեսի բոլոր բուսակերներին ժլատ համարես, բուսակերությունը համարելով ագահության այլ անվանումը: Ինչո՞ւ այս քամահրանքը: Բոլոր արվեստագետներն էլ, կամա թե ակամա, ստիպված են ֆոկուսների դիմելու: Վերադառնանք «Սոճին քարի վրա» նկարին: Որոշակի տպավորության հասնելու համար, արվեստագետը, կամենար թե չկամենար, ստիպված էր ինչ-որ հնարքի դիմելու` սոճու տերեւները մի կողմի վրա տանել: «Գրում են սրտով: Գրում են կյանքով»: Այդ շողշողուն, հանց նրբաթերթ ոսկի խոսքերը լավ են միայն աշակերտներին ուղղելու համար, հանուն նրանց ուսուցման:

* * *
Պարզությունը գովելի էգ Սակայն այն, ինչ պարզություն է կոչվում արվեստում` աներեւակայելի բարդություն ունեցող պարզություն է: Պարզությունը այն է, երբ մամլիչի տակով անցկացրածը դարձյալ դնում են մամլիչի տակ: Մարդիկ, ովքեր ունակ չեն հասկանալու, թե որքան ստեղծագործական ճիգեր պիտի գործադրեն, որպեսզի այդպիսի պարզության հասնեն, կարող են անվերջորեն ինչ-որ բան ստեղծել ու ստեղծել, եւ իրենց այդ մանկական թոթովանքը, Դեմոսթենոսին գերազանցող եւ պերճախոս համարել: Իսկական բարդությունը շատ ավելի մոտ է ճշմարիտ պարզությանը, քան այդ անբովանդակ պարզությունը:

* * *
Վտանգավոր է ոչ թե աճպարարությունն ինքնին, այլ ճարտարությունը, որով այն անում են: Ճարտարությունը կարող է թաքցնել անբավարար լրջությունը: Ամոթ է խոստովանելը, բայց իմ թույլ գործերում կան եւ այդպիսիները, ճարտարորեն ձեւված: Հնարավոր է, որ դա ուրախությամբ ընդունեն եւ իմ թշնամիները: Բայց այդուհանդերձգ

* * *
Ըստ իմ բնույթի՝ ես սիբարիտ եմ (սիբարիտ-գրգամոլ, անբան, շռայլակյաց), եւ եթե չափազանց հակում ցուցաբերեմ առ նրբագեղությունը, ապա վտանգ կա, որ դա ինձ նրբացածության գերի կդարձնի: Եվ քանի որ իմ բնույթը չի փոխվի, հարկ է ինձ, նաեւ այլ մարդկանց, հստակ ցույց տալ, թե ես ինչին եմ հավատում, եւ չթաքնվել խեցու մեջ, ջանալով չցուցադրել ոչ ինձ, ոչ ուրիշներին, թե ես ինչ եմ ինձանից ներկայացնում: Հենց դրա համար էլ ես որոշեցի փոքր-ինչ զրուցել: Եթե ես դրա վրա ողջ ուժերս չվատնեմ, ապա մոտ է ժամը, երբ ինձ արդեն ափ դուրս գալ չի հաջողվի:

Advertisements